Երբ որ Համոն կարդում է, գրում է քարի մասին, դա ինձ համար մարդ է, երբ որ խոսում է վանքի մասին, դա Հայոց պատմությունն է, երբ որ խոսում է, ասում է մասուր, երբ որ ասում է ուրց, երբ որ ասում է սար, էդ բոլորը շնչավոր են: Շիրազը խոսում էր Արարատ լեռան մասին, և խոսում էր, և խոսում էր, և չէր հոգնում, Մարտիրոս Սարյանը նկարում էր արև, և նկարում էր արևը, և նկարում էր արևը մի անգամ, հազար անգամ, Բաժբեուկ Մելիքյանը նկարում էր գեղեցիկ կանայք, մի անգամ, տասն անգամ, հազար անգամ, Համոն քարից էր խոսում, տասն անգամ, հազար անգամ: Սա հանճարի էությունն է: Այսպիսին է անվանի բանաստեղծ Համո Սահյանի պոեզիան` ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի բնութագրմամբ:
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ անվանի բանաստեղծ Համո ՍԱՀՅԱՆԻ 100 ամյակին նվիրված հոբելյանական հանդիսություն:
Միջոցառման ռեժիսորն էր Արամ Սուքիասյանը: Մասնակցում էին թատերարվեստի երիտասարդ, ավագ սերնդի ներկայացուցիչները: Ցուցադրվեցին բացառիկ տեսանյութեր` Հրանտ Մաթևոսյանի հարցազրույցը Համո Սաhյանի հետ, պատառիկներ Սահյանի «օրագրից», Սոս Սարգսյանի մտորումները սահյանական պոեզիայի շուրջ: Ամեն ինչ սահյանական էր. Սահյանի խոսքերով գրված երգեր, պարային ներկայացումներ, կոմպոզիցիաներ:
Թումանյան կարդալուց հետ թևերս թափվում են, թե սրանից հետո ի՞նչ գրեմ, խոստովանում է Սահյանը, հետո էլ լրացնում, որ ինչքան էլ ասածը անհամեստություն լինի, մի բան կա, որ իր աչքը տեսել է, նրանց աչքը չի տեսել, եթե ինքը չասեր, Թումանյանը չէր ասի:
Ժողովուրդը, նրա բնորոշմամբ , անսահման գույներ ու երանգներ ունի իր մեջ, որևէ մեկը չի կարող բացի ու տեսնի: Ամեն բանաստեղծ բերում է ժողովրդի մի գույնը, մեծերը, Չարենցի պես, կարող են ժողովրդի տասը գույն բերել ու տասը երանգ: Ինքը մի գույն է բերել, ու ժողովուրդն անմիջապես ընդունել է: Երբ երկու հոգի իրար նման են, ժողովուրդը չի ընդունում: Մեկին է ընդունում, էն մյուսը կրկնված է: Հետո ասում է, որ մեր ժողովուրդը շատ միասնական ժողովուրդ է, մեզնից ուզում են խլել մեր միասնությունը, հիշողությունն ու ստեղծագործ միտքը: ՈՒ այսօր էլ զգուշացումի պես են են հնչում բանաստեղծի խոսքերը` այդ բոլորը կապողը մշակույթն է, որ դարձյալ ուզում են մեզնից խլել, դրսից ուզում են խլել քիչ չէ, ներսից էլ են խլում:
Ինքն իր մասին էլ է պատմում: Ասում է` բանաստեղծ Սահյանը նույն մարդ Սահյանն է , այն տարբերությամբ, որ բանաստեղծը չի ծխում, չի խմում, կնոջ վրա չի ջղայնանում, ուշ չի տուն գալիս, գլուխը չի ցավում, չի հիվանդանում, իսկ մարդը հիվանդանում է: Այսքան է տարբերությունը: Վերջում, ամենավերջում, ամեն անգամվա նման, ասում է` ինձ բացակա չդնեք:
Էկրանին մեզ ծանոթ Սահյանն էր, բեմում` շրջում էր Սահյանի մանկությունը: Գյուղական հագուկապով փոքրիկ տղան մի առանձին կենդանություն էր հաղորդում միջոցառմանը:
Հանդիսությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պետական ու մշակութային գործիչներ, Սահյանի պոեզիայի սիրահարները:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ